Մասաչուսեթսի համալսարանի բժշկական դպրոցի հետազոտողները փաստում են, որ ալկոհոլային խմիչքներ ընդունելիս մարդու օրգանիզմում գոյություն ունեցող բակտերիաներն սկսում են հոսել ստամոքսաղիքային գոտի` բարձրացնելով արյան մեջ տոքսինների մակարդակը: Նման տոքսինները կոչվում են էնդոտոքսիններ: Նրանք ստիպում են մարմնին արտադրել իմունային բջիջներ` պատճառելով ջերմություն, բորբոքում և հյուսվածքների ոչնչացում: Հայտնի է, որ եթե մարդը երկար ժամանակ մեծ չափաբաժնով ալկոհոլ է ընդունում, ապա սկսում են քայքայվել նրա լյարդը և այլ օրգաններ: Գիտնականները երևույթին ճիշտ գնահատական տալու համար հավաքել են մի խումբ տղամարդկանց և կանանց` առաջարկելով նրանց խմել: Մեկ ժամում ալկոհոլի խտությունը հասել է առնվազն 0,08 գրամի: Կանանց մեջ այն ավելի բարձր է եղել: Ալկոհոհոլի ընդունումից հետո, չորս ժամվա ընթացքում, յուրաքանչյուր 30 րոպեն մեկ արյունը ստուգվել է: Ապա նույնը կրկնվել է 24 ժամ անց:
Պարզվել է, որ չափից ավելի ալկոհոլի օգտագործումը արյան մեջ բարձրացնում է էնդոտոքսինի մակարդակը: Նման տոքսինները գտնվում են որոշ բակտերիաների բջիջների պատերին: Եվ երբ բջիջները ոչնչանում են, այդ տոքսիններն ազատ են արձակվում: Բացի այդ, արյան հոսքում հայտնաբերվել է բակտերային ԴՆԹ: Դա նշանակում է, որ մանրէները ամբողջությամբ «լքել են» աղիքները: Ի դեպ, հետազոտությունը ցույց է տվել, որ սպիրտ ընդունած կանանց արյան մեջ ալկոհոլի և տոքսինների ցուցանիշներն ավելի բարձր են: Ի դեպ, նախկինում ապացուցված էր, որ ալկոհոլը մեծացնում է աղիքային թափանցելիությունը: Այնպես որ, պոտենցիալ վտանգավոր մթերքներն անցնում են աղիքային պատի միջով և տարածվում մարմնի այլ մասերում: